Ի՞նչ հիմնական տիպերի են բաժանվում աղբյուրային կոդի խմբագրիչները (Source-code editor): Այնուամենայնիվ ո՞ր խմբագրիչն է ամենահարմարը վեբ ծրագրավորման մեջ օգտագործելու համար:
Հարմար աղբյուրային կոդի խմբագրիչի ընտրությունը չափազանց կարևոր է, այն կարող է մի քանի անգամ բարձրացնել ծրագրավորողի աշխատանքի արտադրողականությունը։ Աղբյուրային կոդի խմբագրիչները լինում են երկու հիմնական տիպի՝ IDE և «թեթև» խմբագրիչներ։
Գործնականում թեթև խմբագրիչների ֆունկցիոնալությունը կարելի է մեծացնել տարբեր կցորդների (plugin) օգնությամբ, և շատ դեպքերում IDE-ների և թեթև խմբագրիչների միջև եղած սահմանը լղոզված է ու խմբագրիչը դասակարգել այս կամ այն տիպին կրում է զուտ սուբյեկտիվ բնույթ։
IDE-ն անգլերեն հապավում է (Integrated Development Environment), այն շատ մեծ ֆունկցիոնալությամբ օժտված աղբյուրային կոդի խմբագրիչ է, որով կարելի է խմբագրել մեծ ու բարդ պրոյեկտները, որոնք կարող են բաղկացած լինել տասնյակ, անգամ հարյուրավոր ֆայլերից։ Այն հնարավորություն է տալիս ներբեռնել ամբողջ պրոյեկտը՝ բաղկացած բազմաթիվ ֆայլերից, հեշտությամբ անցում կատարել մի ֆայլից մյուսը, կատարել կոդի ավտոլրացում, ընդ որում ոչ թե միայն բացված ֆայլի՝ այլև ամբողջ պրոյեկտի մակարդակով։ Այն նաև հնարավորություն է տալիս պրոյեկտը ինտեգրելVersion Control System-ի, օրինակ՝ Git, Mercurial կամ Subversion, տեստավորման միջավայրի և մի շարք այլ գործիքների հետ։ Աշխատանքային պրոցեսը հեշտացնում են նաև կոդի միատիպ կոնստրուկցիաների միանման լուսավորումը, որը մեծացնում է ընթեռնելիությունը։
Վեբ ծրագրավորողների կողմից լայնորեն օգտագործվող IDE-ներն են Visual Studio Code-ը և WebStorm-ը։
-
Visual Studio Code-ը բաց կոդով, կրոսսպլատֆորմային (կարելի է օգտագործել 3 ամենատարածված օպերացիոն համակարգերի վրա՝ Linux, Mac, Windows) խմբագրիչ է, ստեղծվել է Microsoft կորպորացիայի կողմից։ Ամբողջովին անվճար է, ունի մեծ գործիքակազմ, հնարավոր է լրացուցիչ մեծացնել ֆունկցիոնալությունը տարբեր կցորդիչներ (plugin) ներբեռնելով։ Stack Overflow-ի հարցման արդյունքներով 2019 թվականին ծրագրավորողների 50 %-ից ավելին այն օգտագործել է։ Իհարկե կարծիքները կարող են տարբեր լինել, բայց անվճար խմբագրիչների մեջ այն իրոք կարող է համարվել ԼԱՎԱԳՈՒՅՆԸ։
-
WebStorm-ը նույնպես կրոսսպլատֆորմային է (Linux, Mac, Windows), սակայն ի տարբերություն Visual Studio Code-ի՝ վճարովի է, թեև ուսանողների համար կա հնարավորություն ստանալ տարեկան անվճար լիցենզիա։ WebStorm-ը շատ հարմար է մեծ ու բարդ պրոյեկտների համար, ունի չափազանց հարուստ ֆունկցիոնալություն։
Թեթև խմբագրիչները թեև չունեն հարուստ ֆունկցիոնալություն, ինչպիսին որ IDE-ների մոտ է, սակայն նրանց առավելությունն էլ պարզությունն է,արագագործությունը և հարմար ինտերֆեյսը։ Հարմար են փոքր պրոյեկտների համար, բացի դրանից IDE-ները աշխատում են ամբողջ պրոյեկտի մասշտաբով, ներբեռնում են մեծ քանակությամբ տվյալներ, կատարում այդ տվյալների անալիզ, ինչը անշուշտ դանդաղեցնում է նրանց աշխատանքը, իսկ շատ հաճախ հարկավոր է լինում ընդամենը որևէ ֆայլում մի քանի բան փոխել, և դրա համար թեթև խմբագրիչը շատ հարմար է։
Տարածված են Sublime Text-ը, Notepad++-ն ու Atom-ը։
-
Sublime Text-ը կրոսսպլատֆորմային խմբագրիչ է, գրված է C++ ով, և աչքի է ընկնում արագագործությամբ և փոքր ծավալով։ Տարբեր կցորդիչների օգնությամբ հնարավոր է նրան ապահովել լրացուցիչ մեծ ֆունկցիոնալությամբ, ինչի արդյունքում այն չի տարբերվի IDE-ներից և նրա օգնությամբ կարելի է ստեղծել շատ մեծ և բարդ պրոյեկտներ։ Sublime Text-ը թեև համարվում է, որ վճարովի է, իրականում այն կարելի է անվճար օգտագործել անսահմանափակ ժամանակով։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ խմբագրիչը զգուշացնելու է, որ ցանկալի է գնել լիցենզիա, սակայն այդ զգուշացումները ուղղակի կարելի է անտեսել, կամ էլ եթե ձեզ խմբագրիչը շատ դուր գա, և ուզենաք որևէ ձև նպաստել նրա զարգացմանը՝ լիցենզիայի արժեքը 99$ է։
-
Notepad++-ը բաց կոդով խմբագրիչ է, թեթև, հարմար և շատ պարզ ինտերֆեյսով։ Սակայն այն նախատեսված է միայն Windows օպերացիոն համակարգի համար։
-
Atom-ը GitHub-ի կողմից ստեղծված կրոսսպլատֆորմային, բաց կոդով խմբագրիչ է։ Atom-IDE ոչ պարտադիր փաթեթի օգնությամբ Atom-ը կարելի է զարգացնել և օժտել հարուստ ֆունկցիոնալությամբ, որի արդյունքում այն կարելի է օգտագործել ինչպես IDE, և աշխատել ծավալուն և բարդ պրոյեկտների վրա։
-
Vim և Emacs աղբյուրային կոդի խմբագրիչները չափազանց հզոր են, այս խմբագրիչների յուրահատկությունը կայանում է նրանում, որ 100% ով հնարավոր է օգտվել նրանցից միայն ստեղնաշարի օգնությամբ։
Սակայն երկու խմբագրիչներն էլ ունեն մեկ թերություն՝ բարդ են օգտագործման համար, և սկսնակներին ուղղակի խորհուրդ չի տրվում օգտագործել, որովհետև ի տարբերություն վերը թվարկված այլ խմբագրիչների, որոնք ունեն ինտուիտիվ կերպով հասկանալի ինտերֆեյս Vim-ով և Emacs-ով աշխատելու համար պետք է լրացուցիչ ժամանակ հատկացնել նախ և առաջ դրանց աշխատանքի սկզբունքներին և դոկումենտացիային ծանոթանալու համար: